Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բլեֆ, որ նպատակ ունի ցնդեցնել հայկական քաղաքական մտքի ավելի քան երկդարյա պատմությունը

Բլեֆ, որ նպատակ ունի ցնդեցնել հայկական քաղաքական մտքի ավելի քան երկդարյա պատմությունը
21.11.2026 | 16:13

Փորձեմ շարունակել երեկվա ներկայացրածս թեման և մի քանի ենթաշերտերով դիտարկել այն: Եթե Նիկոլը պնդում է, թե հայկական շրջանակներում «թուրքի նկատմամբ դեմոնիզացիան» սկսվել է 1870-ականներից, ռուսների դրդմամբ, ապա շարունակենք պատմական լիկբեզը։

Դեռևս XVII դարից ձևավորվել էր այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ հայկական պետականության վերականգնման հեռանկարը հնարավոր չէր դիտարկել առանց տարածաշրջանային և միջազգային ուժային կենտրոնների շահերը հաշվի առնելու։ Հայաստանը գտնվում էր Օսմանյան և Սեֆյան տերությունների միջև բաժանված վիճակում, իսկ սեփական պետականության վերականգնումը պահանջում էր ստեղծված ուժային հարաբերակցության փոփոխություն և արտաքին քաղաքական հենարանների որոնում։ Խնդիրն այն էր, որ հայկական շահը պետք էր համադրել այն ժամանակվա ազդեցիկ կենտրոնների աշխարհաքաղաքական հաշվարկների հետ՝ պետականության վերականգնման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու նպատակով։

Այս իրողությունը վաղ գիտակցած և հայկական խնդրի ռազմավարական խորությունը հասկացած առանցքային դեմքերից էր Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ 1677 թվականին նրա նախաձեռնած Էջմիածնի ժողովն ու դրանից բխած դիվանագիտական առաքելությունը հայկական հարցը միջազգային քաղաքական հարթակ տեղափոխելու կարևոր փորձերից էին։ Ջուղայեցին հասկանում էր, որ հայկական ազատագրության խնդիրը հնարավոր չէ լուծել միայն ներքին ուժերով, և անհրաժեշտ է այն կապել ժամանակի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հետ։ Հետագա քաղաքական ծրագրերում այդ հաշվարկի շրջանակում իր տեղն ունեցավ հատկապես Ռուսաստանը։ Խոսքը որևէ տերության հանդեպ անվերապահ վստահության կամ հովանավորության ակնկալիքի մասին չէր, այլ մեծ տերությունների մրցակցության պայմաններում հայկական շահի համար քաղաքական հնարավորություններ ստեղծելու հաշվարկի։

XVIII դարում այս ռազմավարական մոտեցումը շարունակվեց։ Իսրայել Օրին, Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը և Շահամիր Շահամիրյանը տարբեր քաղաքական ծրագրերով, բայց նույն ռազմավարական տրամաբանությամբ էին առաջնորդվում՝ հայկական պետականության վերականգնումը կապելով արտաքին ուժերի աջակցության և տարածաշրջանային ուժային հարաբերակցության փոփոխության հետ։

Հատկանշական է, որ Հովսեփ Էմինն ու Շահամիր Շահամիրյանը Բրիտանական կայսրության ենթականեր էին (Հնդկաստանի քաղաքացի), բայց հայկական ազատագրության հեռանկարները կապում էին Ռուսաստանի հետ։ Շահամիրյանի առաջարկած հայ-ռուսական քաղաքական պայմանագրի նախագիծն այդ մոտեցման հստակ արտահայտությունն էր։ Այսինքն՝ դեռևս 1870-ականներից շատ առաջ հայ քաղաքական միտքը սեփական պետականության հարցը դիտարկում էր աշխարհաքաղաքական հաշվարկների համատեքստում։

Ուստի Նիկոլի մտացածին վարկածը, թե հայերի՝ թուրքերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը ձևավորվել է 1870-ականներին ռուսական շրջանակների ազդեցությամբ, բլեֆ է և նպատակ ունի ցնդեցնել հայկական քաղաքական մտքի ավելի քան երկդարյա պատմությունը։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 1870-ականներին։ Այդ ժամանակ Հայկական հարցը դուրս եկավ միջազգային դիվանագիտության հարթակ։ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ, ապա Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածները հայկական նահանգներում բարեփոխումների և հայ բնակչության անվտանգության ապահովման հարցը դարձրին միջազգային պարտավորության առարկա։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ պատճառահետևանքային կապը։ Հայկական հարցը միջազգային օրակարգ մտավ Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի, համակարգային բռնությունների, հողազավթումների, հարկային կամայականությունների և իրավական անպաշտպանության պատճառով։ Ռուսական դիվանագիտությունը կարող էր այդ խնդիրը ծառայեցնել սեփական աշխարհաքաղաքական շահերին, բայց այն չէր ստեղծել այդ խնդիրը։

Օսմանյան կայսրության համար Հայկական հարցը գնալով վերածվում էր տարածքային ամբողջականության, ներքին վերահսկողության և ազգային քաղաքականության խնդրի։ Հայերի՝ բարեփոխումների, անվտանգության և իրավունքների պահանջները ներկայացվում էին որպես արտաքին միջամտության ու կայսրության մասնատման վտանգ։ Այդ տրամաբանությամբ հայկական քաղաքական ինքնուրույնության ձգտումը դիտարկվում էր որպես սպառնալիք, իսկ հայ բնակչության նկատմամբ բռնությունները դառնում էին այդ սպառնալիքը չեզոքացնելու միջոց։

Այստեղ կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է։ Մենք ունեինք ռուսահայաստան և թուրքահայաստան՝ երկու տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվող հայկական տարածքներ՝ երկու տարբեր քաղաքական ու գոյութենական իրականություններով։ Ընդ որում, Օսմանյան կայսրության հայությունը թվով ավելի մեծ էր, քան Ռուսական կայսրության հայությունը։

Արևելյան Հայաստանում, չնայած ցարական իշխանությունների սահմանափակումներին, հայերի ազգային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքը շարունակեց զարգանալ։ Այստեղ պահպանվեց այն քաղաքական ու հասարակական միջավայրը, որի վրա հետագայում հնարավոր դարձավ կառուցել պետականությունը (մեկ այլ առիթով այս ենթաշերտն էլ կբացենք)։

Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքներում պատկերը բոլորովին այլ էր։ Հայկական բնակչության հետ վերացվեց նաև նրա տնտեսական ու մշակութային ներկայության զգալի մասը։

Հայկական կապիտալը, հողային սեփականությունը, առևտրային ձեռնարկությունները, բանկային միջոցներն ու անշարժ գույքը դարձան պետական բռնագրավումների և յուրացման առարկա։ 1915 թվականից հետո այդ գործընթացը համակարգված բնույթ ստացավ։ Հայկական ունեցվածքի բռնագրավումը ծառայեց նաև նոր տնտեսական հարաբերությունների ձևավորմանը՝ նախկին հայկական սեփականությունը փոխանցելով մահմեդական բնակչությանն ու թուրքական տնտեսական շրջանակներին։ Սա միայն ունեցվածքի կողոպուտ չէր. այն հայկական տնտեսական դասի վերացման և Օսմանյան կայսրության տարածքում հայկական կապիտալի պատմական դիրքերի ոչնչացման քաղաքականություն էր։

Նույն ճակատագրին արժանացան հայկական եկեղեցիները, վանքերը, դպրոցներն ու մշակութային կենտրոնները։ Մի մասը ոչնչացվեց, մյուսները վերածվեցին մզկիթների կամ այլ նշանակության կառույցների, շատերը մնացին առանց համայնքի և աստիճանաբար կործանվեցին։

Շատ կարևոր է այս ամենի աշխարհաքաղաքական կողմը: Օսմանյան կայսրության փլուզման պայմաններում հայկական պետականության վերականգնման հնարավորությունը բացվեց այն տարածքում, որտեղ հայությունը պահպանել էր կազմակերպված հասարակական և քաղաքական ներուժը։ Ռուսական կայսրությունը, իհարկե, հայերի համար երբեք անվերապահ բարեկամ չի եղել. այն առաջնորդվել է սեփական կայսերական շահերով, սահմանափակել հայկական ինքնավարության հնարավորությունները, իսկ 1903 թվականին նույնիսկ բռնագրավել Հայ եկեղեցու գույքը։ Սակայն այդ ամենը չի վերացնում երկու պատմական իրականությունների տարբերությունը։

Հայկական քաղաքական միտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում տեսնում էր հնարավոր աշխարհաքաղաքական հենարան՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայության ազատագրման և պետականության վերականգնման համար։ Այդ հաշվարկը կարող էր համընկնել ռուսական շահերի հետ, կարող էր նաև հակասել դրանց, բայց դրա հիմքում հայկական ինքնուրույն պետականության նպատակն էր։

Նիկոլի այս թեզը բնավ պատահական պատմական դիտարկում չէ։ Այն տեղավորվում է մի ավելի լայն քաղաքական գծի մեջ, որի նպատակն է հայկական ազգային հիշողությունը վերանայել, պատմական հակասությունները ներկայացնել որպես արտաքին ազդեցության արդյունք և հայ-թուրքական հարաբերությունների ներկա օրակարգը ազատել պատմական պատասխանատվության հարցից։ Երբ սեփական ժողովրդի պատմական փորձը ներկայացվում է որպես ուրիշների ներշնչած թշնամանք, դրանից շահում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ այն քաղաքական օրակարգը, որի համար այդ հիշողությունը խոչընդոտ է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ